Եվրասիական միության երկրները կարող են եւ պետք է միասնական արժույթի ձգտեն: Այս մասին NEWS.am-ին ասել է Ռուսական բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը:
Նրա խոսքով՝ այսօր միասնական արժույթի մասին անհնար է խոսել, որպես մոտ ապագայում իրականացվող: Բայց դրան կարող են եւ, հնարավոր է, պետք է ձգտեն՝ հատկապես եթե հաշվի առնենք Ռուսաստանից բացի, ռուսական ռուբլու տարածվածությունը ԵՏՄ երկրներում: Դա կարող է բանակցությունների համար լավ հիմք դառնալ:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է 2025 թվականին միասնական արժույթի իրավական հիմք ստեղծել, Թոսունյանը պատասխանեց. «Հուսանք, որ համաձայնության կգան: Ով գիտե… Ինչպես ասում են, մարդը նախատեսում է, Աստված տնօրինում»:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունում կարող է ներդրվել միասնական արժույթ, բայց միայն այն բանից հետո, երբ երկրները իրենց զարգացման մակարդակով հավասարվեն:




























