Հայաստանը պետք է ԵՏՄ երկրներից ամենաճարպիկը լինի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին՝ Երեւանում Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ, ասել է «Սբերբանկ» ռուսական ընկերության կառավարման նախագահ Գերման Գրեֆը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն այսօր գրավիչ չի լինի, եթե մեկուսացած մնա։ Այդ պատճառով ԵՏՄ անդամակցությունը կարելի է շատ ճիշտ համարել։ Դա ներդրողներ գրավելու միակ միջոցն է։ Սակայն միայն անդամակցությունը բավարար չէ։ Հայաստանը պետք է ավելի արդյունավետ պետական կառավարում ունենա եւ բիզնեսի շատ պարզ ռեժիմ։

«Եթե պետությունը հարմարավետ մատչելիություն ապահովի ԵՏՄ մնացած շուկաներ, ապա ներդրողների համար միեւնույն կլինի, թե որտեղ բիզնես դնել՝ Ռուսաստանում, Ղազախստանում թե Հայաստանում։ Եթե այստեղ բիզնեսի համար իդեալական պայմաններ լինեն, ներդրողները կընտրեն Հայաստանը»,– նշել է Գրեֆը։

Նա հավելել է, որ դրա համար պետական ապարատում պետք են բաց մտածելակերպով մարդիկ, որոնք կարող են օգտագործել այդ հնարավորությունները։ Այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է ամենաարագն ու ճարպիկը լինի։