Զինաթափման հարցերով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շփումները պակաս արդյունավետ են դարձել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության  սպառազինությունների վերահսկման եւ չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

Նրա խոսքով՝ այդ շփումները բավական ակտիվ են՝ ե՛ւ երկկողմանի, եւ՛ միջուկային հնգյակի շրջանակում: «Թեպետ դրանք այս տարի պակաս արդյունավետ են, քան, ասենք, նախորդ տարիներին»,- լրագրողներին ասել է Ուլյանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մակարդակում են զինաթափման ասպարեզում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ աշխատանքային շփումները պլուտոնիումի թափոնների օգտագործամ վերաբերյալ ԱՄՆ հետ համաձայնագիրը Ռուսաստանի կողմից դադարեցնելուց հետո:

Նա նշել է, որ հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում միջուկային հնգյակի երկրների ներկայացուցիչների հանդիպմանը «առաջին անգամ քննարկվել է միջուկային հայեցակարգը»: «Ես հնարավորություն եմ ունեցել մեր ամերիկացի գործընկերներին տալու նրանց համար տհաճ բազմաթիվ հարցեր՝ սկսած ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելություններից, որոնք ըստ էության խախտում են Չտարածման պայմանագրի տառն ու ոգին, վերջացրած միջուկային զենքի կիրառման անհամաչափ կոնցեպցիայով բոլոր այն դեպքերում, որոնք շոշափում են ԱՄՆ-ի կենսականորեն կարեւոր շահերը»,- ասել է նա: