Ժամանակն է հասկանալու, որ այս իշխանություններն անելիք չունեն. բավական է, ստերով կերակրեն ժողովրդին։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ին անդամագրված Զոյա Թադեւոսյանը։

Նրա խոսքով, հասունացել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահը։ «Հակառակ դեպքում անդառնալի կորուստներ կունենանք, կկորցնենք հայոց պետականությունը։ Մեր նպատակը պետք է լինի քաղաքական կամք դրսեւորելը` արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Եթե մենք այդ կամքը չունենանք, ինչպիսի օրենք էլ գրեն, դա մեզ չի օգնելու»,- համոզմունք հայտնեց Զոյա Թադեւոսյանը։

Անդրադառնալով ԿԸՀ անդամների նշանակման նոր կարգին՝ նա նկատեց, որ ճիշտ կլինի, եթե «պետությունն իր վրա պատասխանատվություն վերցներ վերեւից ներքեւ նշանակել ԿԸՀ անդամներին»։ «Նրանց պետք է նշանակի պետությունը, կոնկրետ դեպքում՝ նախագահը, կամ դա պետք է արվի իշխանություն-ընդդիմություն հավասար ներկայացվածության հիման վրա՝ յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովում հակակշիռ ապահովելու համար։ Իսկ այն կարգը, որ գործում է այժմ, հնարավորություն է տալիս ասել նախագահին, որ եթե ընտրակեղծիքներն անում են կուսակցությունները, ապա ինքը դրանց համար պատասխանատվություն չի կրում։ Սա միտումնավոր արված փոփոխություն է։ Նախկին նախագահն ասում էր. գնացեք, պահանջեք կուսակցություններից, որ անեն ամեն ինչ արդար ընտրությունների անցկացման համար, ինչ արվել է, արվել է կուսակցությունների մեղքով։ Մեղքի գաղափարը կրկին ուզում են իրացնել ընտրական այս համակարգի միջոցով, ինչը ես համարում եմ անընդունելի։ Կուսակցությունները պետք է մերժեն սա, չմտնեն նման խաղի մեջ»,- ասաց Թադեւոսյանը։