Ռուսական կողմի հայտարարությունը՝ Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագրի կատարման մասին հերթական ցինիկ փորձն է՝ չկատարել միջազգային-իրավական պարտավորությունները: Այդ մասին ասված է այսօր՝ հոկտեմբերի 20-ին Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ռուսաստանը փորձում է օկուպացիոն զորքերի դուրսբերումը Փերեւի գյուղից ներկայացնել որպես համաձայնագրի լիակատար կատարում: Իրականությունն այնպիսին է, որ ռուսական օկուպացիայի տակ է ինքնիշխան Վրաստանի տարածքի 20 տոկոսը, իսկ օկուպացված տարածքներում մի քանի ռազմակայաններ եւ մոտ 10 հազար զինծառայողներ կան: Այդ տարածքներում շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումները, իսկ հարյուր հազարավոր բռնի տեղահանվածներ չեն կարողանում արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները: Միեւնույն ժամանակ, ռուսները շարունակում են արգելափակել օկուպացված տարածքներ միջազգային խաղաղարար ուժերի մուտքը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, թե հանել է իր զորքերը Փերեւի բնակավայրից, իսկ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանները հսկվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա:





























