Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանություններով՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամության մասին հաղորդումների կապակցությամբ։

«Ռուսաստանի ԱԳՆ-ում դրական են ընկալել „Դիվանագիտական հարաբերությունների հաստատման“ և „Երկկողմ հարաբերությունների զարգացման“ մասին արձանագրությունների ստորագրման նպատակով ներքին համաձայնեցումների գործընթաց սկսելու Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամության մասին տեղեկությունը։

Հայաստանն ու Թուրքիան մեզ բարեկամ երկրներ են։ Մենք նրանց միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը դիտարկում ենք որպես օրինաչափ ու սպասված գործընթաց։ Ուրախ կլինենք, եթե զուտ այդ երկրների ներքին գործը հանդիսացող խորհրդատվությունները պսակվեն ինքնուրույն պայմանավորվածություններով։

Ինքնին արձանագրությունների նախագծերի, ինչպես նաև դրանց իրականացման տարրերի ու գծագրերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս այդ հարցերի մշակման լրջությունն ու ինչպես Երևանի, այնպես էլ Անկարայի կողմից ճանապարհի իրենց մասն անցնելու վճռականության առկայությունը։ Շեշտում ենք, որ այդ փաստաթղթերով նախատեսված և ոչ մի քայլ չի կարող մեկնաբանվել որպես որևէ երրորդ երկրի վնաս հասցնող։

Վերջին ժամանակներս երկու երկրների մերձեցմանն ուղղված հայկական ու թուրքական ղեկավարությունների ձեռնարկած փոխադարձ լուրջ ջանքերը ի հայտ են բերում գործերի ստեղծված անբարենպաստ վիճակը փոխելու և բավական երկարատև ժամանակ սառեցված կապերը կառուցողական նոր հարթություն տեղափոխելու իրական հնարավորություն։

Հուսանք, որ երկու հարևանների միջև հարաբերությունների առողջացումը կհանգեցնի առևտրա-տնտեսական երկկողմ շփումների աշխուժացման, դրականորեն կանդրադառնա երկու երկրների սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ինչը քիչ կարևոր չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները մշտապես կոչ են արել հայ և թուրք գործընկերներին՝ հենց այսպիսի գործնական հարթությունում ձգտել լուծելու իրար միջև առկա տարաձայնությունները։

Կարևոր է և այսուհետ էլ շարունակել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործը, ինչը օբյեկտիվորեն կնպաստի տարածաշրջանի իրավիճակի առողջացմանը, խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ները հանդես էին եկել մամլո հաղորդագրություններով, որի համաձայն, "Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետությունները համաձայնել են սկսել Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացված բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու Արձանագրությունների շուրջ ներքաղաքական խորհրդատվություններ։ Դրանք են՝ «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները։