Հոկտեմբերի 21-30-ին Հայաստանում կանցկացվի փորձնական մարդահամար: Հոկտեմեբրի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության վարչությանը պետ Կարինե Կույումջյանը:

Փորձնական մարդահամարը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր, Խաշթառակ գյուղերում: Արդյունքների մասին զեկույցը կհրապարակվի 2011 թվականի մարտ ամսին:

Իսկ հիմնական մարդահամարը լինելու է 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության վարչությանը պետն ասաց, որ 2011թ-ի մարդահամարի հարցաթերթիկներում նոր հարցեր կան կապված անձի կրոնական դավանանքի, տնային տնտեսությունների` գյուղատնտեսությամբ զբաղվելու, համակարգիչների առկայության եւ ինտերնետ ցանցին դրանց միացվածության մասին:

«Ինքն անվանումով մարդահամար է, սակայն ոչ միայն մարդ հաշվելու նշանակություն ունի, այլեւ բնակչության թվաքանակի հետ մեկտեղ հնարավորություն է տալիս բնակչության վերաբերյալ շատ այլ բազմապիսի տեղեկություններ ստանալ, այդ թվում մարդկանց կրթական մակարդակի ու ամուսնությունների վերաբերյալ»,-ասաց Կույումջյանը` հավելելով, որ մարդահամարի ընթացքում հավաքագրված տեղեկություններ գաղտնի են պահվում:

Նա նաեւ նշեց, որ մարդահամարի 5 տարվա աշխատանքների համար ծախսվել է 2,5 մլրդ դրամ: Պետբյուջեից ֆինանասավորվում է մարդահամարի համար անհրաժեշտ գումարի միայն 21 տոկոսը, մնացած գումար գտնելու համար կառավարությունը դիմել է  դոնոր կազմակերպություններին: Համաշխարհային բանկը տրամադրել է 100 հազար դոլար, Իտալիայի կառավարությունը` 12 հազար եվրո, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը` 47 հազար դոլար:

Նշենք, որ նախորդ մարդահամարն անց է կացվել 2001 թվականին: 1999 թվականին ընդունված «Մարդահամարի մասին օրենքով» Հայաստանում մարդահամար անց է կացվում 10 տարին մեկ:

Նշենք, որ 2011 թվականին անցկացվելիք մարդահամարը թվով երկրորդն է Հայաստանի անկախացումից հետո: