Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերջին իրադարձությունների համար միակ մեղավորը Վրաստանն է: Այս մասին նա ասել է վրացական «Ռուսթավի-2> հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: <Ես վստահ եմ, որ եթե չլիներ ինքնավարության ոչնչացումը եւ ճնշումը Վրաստանի ներկա իշխանությունների կողմից, այդ ամենը տեղի չէր ունենա»- ասել է նա ու ընդգծել, որ տարիներ շարունակ Ռուսաստանը պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած նրան, որ այդ հանրապետությունները մի քանի տարի առաջ էլ հայտարարում էին իրենց անկախության մասին: Սակայն պարոն Սահակաշվիլիի գործողություններից հետո իրավիճակը արմատապես փոխվեց, եւ մենք ընտրություն չունեինք»,- նշել է Պուտինը:

«Այն ինչ դուք անվանում եք օկուպացիա, Կովկասի փոքր ժողովուրդները` օսեթներն ու աբխազներն անվանում են ազատագրում եւ անկախության ձեռքբերում: Չեմ ցանկանում վշտացնել ու ստորացնել Վրաստանին նրանով, ինչ եղել է, բայց եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ողբերգության հանգեցրեցին վրացական իշխանությունների անպատասխանատու գործողությունները»,- խոսքն ամփոփել է ՌԴ վարչապետը: