Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում անց են կացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարություններ։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ-ի մայրաքաղաք է ժամանել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ ԼՂՀ-ի ու Հայաստանի կառավարական պատվիրակությունները կայցելեն Ստեփանակերտի հուշահամալիր։ Տեղի կունենա ընդունելություն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ և հանդիսավոր նիստ՝ իշխանության ներկայացուցիչների, հանրապետության հասարակայնության ու հյուրերի մասնակցությամբ։ Վերածննդի կենտրոնական հրապարակում տեղի կունենա տոնական համերգ։

Համերգային ու սպորտային միջոցառումներ, ժողովրդական զբոսահանդեսներ կանցկացվեն ողջ հանրապետությունում։ Զինվորական շարասյուները կանցնեն հանրապետության մայրաքաղաքի փողոցներով ու շրջկենտրոններով։ Տոնակատարությունները կավարտվեն հրավառությամբ։ Սեպտեմբերի 1-ին նախատեսված տոնական միջոցառումների շրջանակներում ԼՂՀ կրթական հաստատություններում առաջին դասը նվիրված է եղել Անկախության օրվան։ Դասերին մասնակցել են ԼՂՀ Անվտանգության խորհրդի ու կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ ու պատերազմի վետերաններ։

Այսօր երեկոյան կենտրոնական հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու ԼՂՀ Ազատամարտիկների միության և Հայաստանի Պաշտպանության նախարարության ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո կխաղարկվեն խոշոր մրցանակներ, այդ թվում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա։