Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը չի կարող հենց այնպես լուծարվել. այն կարող է լուծարել միան ուսանողական խորհրդի համագումարը, իսկ ինչ վերաբերում է ուսանողների շրջանում ուսխորհրդի լուծարման նպատակով սկսված ստորագրահավաքին, ապա դրա մասին տեղեկացել ենք մամուլից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե մայր բուհի այդ կառույցը դադարեցնում է իր գոյությունը։
Նրա խոսքով, նման լուրեր տարածած «Հրապարակ» թերթի հոդվածն իրեն զարմանք է պատճառել: «Այն ինձ էլ է զարմանալի թվացել։ Մենք որեւէ ստորագրահավաքի մասին տեղյակ չենք, համալսարանում նման երեւույթ չենք նկատել, եթե դուք տեղյակ եք նման բանից, օգնեք, միասին բացահայտենք»,- ասաց Ցոլակ Ակոբյանը՝ նշելով, որ «Հրապարակի» այդ հրապարակումը, գուցե պատվեր է եւ իրենք տեղյակ չեն նույնիսկ, որ իրենց բուհում օրեր առաջ ստորագրահավաքին ընդդիմացող ուսանողի են ծեծել:
ԵՊՀ հայսարակայնության հետ կապերի վարչությունից էլ ասացին, որ «ամենայն պատասխանատվությամբ կարող են հայտարարել՝ նման բան համալսարանում չկա»:
«Լուրերը, որ բուհում ուսխորհրդի լուծարման նպատակով ստորագրահավաք է սկսվել, տեղեկացել ենք մամուլից։ Սա ոչ օբյեկտիվ նյութ է, ես ոչ մի ստորագրահավաք չեմ տեսել։ Դա չճշտվող փաստ է։ Ուսխորհրդի լուծարման մասին լուրերը ստահոդ են, նման բան իրականում չկա։ Տեղյակ չեմ նաեւ այն լուրերին, որ լուծարմանը դեմ արտահայտված ծնողազուրկ մի ուսանողի են ծեծել»,- ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը։
Նշենք, որ համաձայն «Հրապարակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 20-ի մի հոդվածի՝ ԵՊՀ ուսանողներն ուսխորհուրդը լուծարելու համար այս օրերին ստորագրություններ են հավաքում: Ստորագրահավաքը, ըստ որոշ աղբյուրների, նախաձեռնել է ԵՊՀ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանը, որը ռեկտոր Արամ Սիմոնյանի դեռեւս ոչ պաշտոնական նախընտրական շտաբի պետն է լինելու: Նա ուսանողներին ստիպում է ստորագրել սպիտակ թղթերի վրա ու չի ասում` ինչ նպատակով, հետո դրանց վրա լրացնում են ԵՊՀ ուսխորհրդի լուծարման տեքստը: Ընդվզողներին էլ սաստում է, որ կհեռացնի համալսարանից: Ոմանց անգամ ծեծի է ենթարկել: Մի քանի օր առաջ նրա կողմից ծեծի է ենթարկվել ծնողազուրկ ուսանողներից մեկը, ով գիշերային պահակ է աշխատում համալսարանում։




























