Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդնավակայանի մերձակայքում գտնվող բարձրահարկերի բնակիչները, ովքեր որպես իրենց պատճառվող բազմաթիվ անհարմարությունների՝ աղմուկի, փոշու եւ ռադիոճառագայթման դիմաց հատկացվող փոխհատուցում, տարիներ շարունակ ջրի եւ էլեկտրաներգիայի վարձավճարներ չեն մուծել, օրերս «Արմենիա» միջազգային օդանավակայանների ղեկավարության ստորագրությամբ անկնիք մի գրություն են ստացել, որով նրանց ստիպում են բաժանորդագրվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին» եւ սպառած էլեկտրաէներգիայի համար վճարել, ինչպես բոլորը։ Փաստի մանրամասները ճշտելու նպատակով NEWS.am-ի թղթակիցը զրուցեց «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ։

Նրա խոսքով, քանի որ այդ մարդիկ սեփականատերեր են, պետք է վճարեն էլեկտրաէներգիայի համար։  «Չգիտենք, թե ինչ փոխհատուցման մսին է խոսքը։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» նրանց ասում է, որ հաշվիչներ տեղադրեն եւ վճարեն ՀՀ բոլոր քաղաքացիների նման։ Մենք նրանց ոչինչ չենք պարտադրել, պարզապես այդ շենքերը սնուցվում են մեր ենթակայանից։ Այդ շենքերի բնակիչների հանդեպ օդանավակայանը կոնցեսիոն պայմանագրով որեւէ պատասխանատվություն չի ստանձնել։ Օդանավակայանի ղեկավարությունը չի ցանկացել այդ մարդկանց հոսանքազրկել, պարզապես «Հայաստանի էլեկտրական ցանցերը» խնդրել է մեզ զգուշացնել այդ շենքերի բնակիչներին, որ նրանք բարի լինեն հաշվիչներ տեղադրել եւ վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց»,- պարզաբանեց Գեւորգ Աբրահամյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստել, ըստ որի, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդնավակայանի մերձակայքում կառուցված բարձրահարկերի բնակիչներն առաջիկա 2 տարիների ընթացքում կտեղափոխվեն եւ կվերաբնակեցվեն Հարավարեւմտյան թաղամասում` հատուկ իրենց համար կառուցվելիք նոր շենքերում։

«Իհարկե, օդանավակայանի ղեկավարությունն այդ շենքների բնակիչների հանդեպ որեւէ պարտավորվածություն չունի, սակայն կառավարության հետ եկել ենք այն եզրակացության, որ այդ մարդկանց պետք է տեղափոխել։ Նրանցից յուրաքանչյուրը, որքան բնակտարածք ունի այժմ, նույնչափ բնակտարածք կստանա նաեւ նորակառույցներում»,- հավաստիացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, սակայն, որ նոր շենքերի շինարարությունը դեռեւս չի սկսվել։

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդնավակայանի մերձակայքում գտնվող երկու բարձրահարկերը եւ հանրակացարանը կառուցվել են 70-ականների սկզբին։ «Ընդ որում, այդ շենքերն ի սկզբանե նախագծված են եղել որպես բնակելիներ։ Նպատակն այն է եղել, որ օդանավակայանի աշխատակիցները հնարավորինս մոտ բնակվեն իրենց աշխատանքի վայրին։ Իսկ ինչպես հայտնի է, այդ շենքերում հիմնականում «Զվարթնոցի» աշխատակիցներ են բնակվել»,- տեղեկացրեց Չերչինյանը։

Նրա խոսքով, կոնցեսիոները պարտավոր չէ օդանավակայանի մոտ կառուցված շենքերի բնակիչների համար բնակելի նոր շենք կառուցել, «բայց քանի որ աշխարհի ոչ մի երկրում օդանավակայանի տարածքում մարդիկ չեն բնակվում, որոշվել է քաղավիացիայի միջնորդությամբ բարեգործության նման  մի բան անել»։ «Քաղավիացիան այդ շենքերի կառուցման նպատակով գումարային հատկացումներ չի արել, քաղաքավիացիայի մասնակցությունը պարզապես այն է եղել, որ կոնցեսիոների, այս դեպքում՝«Արմենիա» միջազգային օդանավակայանների ղեկավարության հետ քննարկվել է բնակիչների համար լավագույն տարբերակ մշակել»,- ասաց Չերչինյանը։

 

Անի Ղազարյան