Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ: Այսօր յուրաքանչյուրս կիսում է Արցախի մեր ազատատենչ քույրերի ու եղբայրների ուրախությունը, ովքեր նշում են իրենց գլխավոր պետական տոնը` Անկախության օրը:
18 տարի առաջ այս օրերին մաքառման ու պայքարի բովում էր թրծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այնքան բաղձալի անկախությունը և այժմ այն հասունության փորձությունը բռնած պետություն է` կայացած պետական ու հանրային ինստիտուտներով ու մասնակցային ժողովրդավարության օրինակելի որակով:
Այդպիսի ձեռքբերումներով կարող է հպարտանալ յուրաքանչյուր նորանկախ երկիր, և հպարտության այս պահին մենք գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջև, որոնց արյամբ ու զրկանքներով նվաճվեցին Արցախի անկոտրում ժողովրդի ազատությունն ու անկախությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական տոնի առթիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք»: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:




























