«Ա1+» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 20-ին հայտ է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ)` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին մասնակցելու նպատակով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

Հարցին, թե ի՞նչ ծրագրով է ներկայացել «Ա1+»-ը, Մովսեսյանը արձագանքել է, որ մինչեւ մրցույթը շատ բան ասել չի կարող, որովհետեւ դրա իրավունքը չունի, բայց «ինչպես միշտ, «Ա1+»-ը պատշաճ ձեւով է ներկայացել իր փաթեթով եւ ներկայացրել է այն նախագիծը, որով ուզում է ուղղորդվել հաղթելու դեպքում»:

«Ուղղվածությունը ընտրված է լրատվական, 24-ժամյա աշխատանք: Մնացածը պարզ կլինի մրցութային փաթեթը բացելուց հետո», - նշել է «Ա1+»-ի ղեկավարը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից հայտնել են, որ մրցույթի հետ կապված տեղեկատվությունը, այդ թվում մասնակիցների քանակը եւ անունները, օրենքով սահմանված կարգով կհրապարակվի հոկտեմբերի 22-ին` հանձնաժողովի ինտերնետային էջում: Հոկտեմբերի 20-ը մրցութային հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն է:

Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 16-ին: «Ա1+»-ը արդեն 13-րդ անգամ է մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:

2002թ. ՀՌԱՀ-ը 37-րդ դեցիմետրային ալիքի համար մրցույթում հաղթող էր ճանաչել «Շարմ» ընկերությանը: Արդյունքում «Ա1+»-ը, որը հինգ տարի հեռարձակվում էր այդ ալիքով, զրկվեց եթերից: