Հայաստանի անկախացումից հետո Ստամբուլ գաղթած հայաստանցիների երեխաների հստակ թիվը հայտնի չէ, սակայն միայն բողոքական հայկական եկեղեցու նկուղում Հրանտ Դինքի կողմից ստեղծված դպրոցում կրթություն ստացող մանկահասակ երեխաների թիվը հասնում է 70-ի։ Երեխաները մի կողմից սովորում են, մյուս կողմից սպասում, թե երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկատարի խոստումը եւ իրենք կրթություն ստանալու համար կկարողանան հաճախել Ստամբուլի հայկական դպրոցներ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Գեդիփաշա թաղամասում գտնվող հայկական բողոքական եկեղեցու նկուղում դպրոցական կրթություն է ստանում 7-12 տարեկան մոտ 70 երեխա։  Այստեղ դժվարին պայմաններում, այդ երեխաները եւ դասեր են անում, եւ ցերեկները, այսպես ասած, ննջարանում քնում  են։

Երեխաների կրթությամբ եւ դաստիրակությամբ զբաղվում է 2002-ին Հայաստանից Թուրքիա եկած եւ Թուրքիայի հայ քաղաքացու հետ ամուսնացած Հերիքնազ Ավագյանը, ով Երեւանում ավարտել է բանասիրության ֆակուլտետը եւ երկար տարիներ մանկավարժ է աշխատել։ Հերիքնազ Ավագյանը նշել է, թե իր պես եւս 5 հայաստանցի կանայք զբաղվում են երեխաների կրթությամբ։

«2003-ին այստեղ սկսեցինք 3 հայաստանցի երեխաների կրթությամբ զբաղվել, հիմա նրանց թիվը 70 է։ Այն ժամանակ դիմեցինք Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդին, որպեսզի ավելի մեծ տեղ հատկացնի,սակայն չստացվեց։ Այստեղ ձմռանը ցուրտ է, երեխաները մրսում են, չնայած էլեկտրական տաքացուցիչ ենք միացնում։ Մենք առավոտյան ժամը 7-ին ենք գալիս եւ աշխատում մինչեւ երեկոյան ուշ, մինչեւ որ ծնողները իրենց աշխատանքից հետո գան երեխաներին վերցնեն»,-նշել է Հերիքնազ Ավագյանը։

Անդրադառնալով դասագրքերի խնդրին, Հերիքնազ Ավագյանը նշել է, թե դրանք Հայաստանից են ուղարկվում, սակայն ուսուցիչների աշխատավարձերը վճարում են երեխաների ծնողները։ «Այստեղ երեխաները սովորում են հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլ առարկաներ։ Այս տարի կարծես երեխաների սնունդի հարցով հովանավոր գտնվի։ Երեբեմն երեխաներին հագուստ եւ քաղցրեղեն են բերում։ Շրջակայքի տաղավարները եւս երբեմն օգնում են երեխաներին»,-նշել է Հերիքնազ Ավագյանը՝ հավելելով, որ իրենք շատ ուրախացան, երբ լսեցին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսք տվեց, թե երեխաներին կթույլատրի հաճախել  Ստամբուլի հայկական դպրոցներ, սակայն դեռեւս սպասում ենք։

Հրանտ Դինքի այրին հայտնել է, թե Եվրադատարնի վճռով Դինքի ընտանիքին վճարվելիք գումարի մի մասը կտրվի այս հաստատությանը։ Տիկին Ավագյանը հիշեցրել է նաեւ, որ Հրանտ Դինքը եւս այստեղ է մնացել, դրա համար այս դպրոցի անունը  նրա անունով են կոչել։