ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում «Ժառանգություն» կուսակցությունը դիմելով արցախահայությանը նշել է. «18 տարի առաջ համաժողովրդական հերոսական մաքառման արդյունքում Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայության զորակցությամբ Դուք կերտեցիք հայկական երկրորդ պետականության` ԼՂՀ անկախությունն ու ինքնիշխանությունը: Այսօր Արցախն իր կայացող պետական ու հասարակական կառույցներով եւ զարգացման հուսադրող տեմպերով աշխարհի հայության պարծանքն է:
Ավաղ, Հայաստանի 2007-2008թթ. կոալիցիոն իշխանությունները անհեռատեսորեն տապալեցին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու „Ժառանգություն“ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 2007թ. օրենսդրական նախաձեռնությունը` իբրեւ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունների մասնակի, բայց միջազգային ճանաչմանն ընդառաջ գործընթաց եւ այդ բոլոր չճանաչված հանրապետությունների նախակարապետ Արցախի միջազգային ճանաչման մեկնարկային քայլ: Հայաստանի խորհրդարանը չբարեհաճեց անգամ օրակարգ մտցնել „Ժառանգության“ օրինագիծը` մեզ բոլորիս զրկելով բանակցային գործընթացում այն իբրեւ հզոր լծակ օգտագործելու հեռանկարից: Անկախ կորսված հերթական պատմական հնարավորությունից, ԼՂՀ անկախությունն անհերքելի պատմական իրողություն է, իսկ պետականությունը` միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող:
Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ „Ժառանգություն“ ազգային-ազատական կուսակցությունը ճանաչում է ԼՂՀ անկախությունն իր սահմանադրությամբ ամրագրված սահմաններով: Նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին. ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ձեռնամուխ լինել նրա միջազգային ճանաչման գործընթացին: „Ժառանգությունը“ գտնում է, որ Արցախի անկախության եւ անվտանգության գլխավոր երաշխավորը նրա հողի վրա ապրող քաղաքացիների ազատ ապրելու վճռական կամքն է, հայկական զինված ուժերի մարտական ոգին եւ այս հարցում համայն հայության միասնականությունը»:
Տեղեկացնենք, որ այսօր «Ժառանգության» անդամներն ու համակիրները Եռաբլուրում կոգեկոչեն Արցախի պետականության համար ընկած հայորդիների հիշատակը եւ իրենց համերաշխությունը կհայտնեն ԼՂՀ երեւանյան ներկայացուցչությունում:




























