Ֆրանսիա բուժման նպատակով մեկնել ցանկացողները բժշկական ծախսերի համար պետք է նախնական վճարում կատարեն Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը՝ նշելով, որ փոփոխությունը պայմանավորված է տեղ գտած չարաշահումներով։ «Որոշ Հայաստանի քաղաքացիներ բուժման նպատակով մեկնելով Ֆրանսիա՝ բուժում ստանալուց հետո վերադարձել են հայրենիք առանց Ֆրանսիայում վճարելու ծառայության դիմաց»,- ասաց հյուպատոսը՝ ավելացնելով, որ Հայաստանում պահանջվող նախնական վճարը կպայմանավորվի Ֆրանսիայում բուժզննման կամ վիրահատության ծախսերով։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները առողջական նկատառումներով մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է վճարեն գումարի մի մասը։ «Այս փոփոխությունը ստիպված ենք կատարել, քանի որ ընդհանուր առմամբ 17 հազար եվրո գումար է կուտակվել չարաշահումների արդյունքում»,- ասաց Գրապենը։