Հայաստանի կառավարությունը, կրթության եւ գիտության նախարարության առաջարկով, այսօր` հոկտեմբերի 21-ին, որոշ փոփոխություններ է կատարել ատենախոսությունների պաշտպանության եւ գիտական աստիճանակարգերի շնորհման ընթացակարգերում։ Մասնավորապես՝ որակավորման քննություններից հանվում է «փիլիսոփայություն» առարկան։ Սա բացատրվել է այն հանգամանքով, որ այդ առարկան տարբեր մոտեցումներով դասավանդվում է եւ բակալավրիատում ու մագիստրատուրայում, եւ ասպիրանտուրայում.  հետեւաբար որակավորման քննության անհրաժեշտություն չկա։ Որպես հիմնավորում բերվում է նաեւ այն փաստը, որ օտար երկրներում փիլիսոփայությունը բացակայում է որակավորման քննություններից։

Այսուհետ՝ թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու համար անհրաժեշտ է ունենալ 3 գիտական հոդված, որից մեկը՝ առանց համահեղինակների։

Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում (հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում` երկու)։

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ սույն փոփոխությունները մաս են կազմում ավելի մասշտաբային ծրագրի, որոնք հիմնականում կիրականացվեն հաջորդ տարի։