Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր` հոկտեմբերի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Հոլոքոստի հուշարձանի պղծումն ու անարգումը: Մայր Աթոռի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղեկացանք սույն ամսվա 19-ին մայրաքաղաք Երեւանում կատարված Հոլոքոստի հուշարձանի պղծման վրդովեցուցիչ եւ դատապարտելի արարքի մասին:

Հուշարձանի պղծումն ու  այլատյաց ոգով արված գրությունը վկայում են արարքի հեղինակների նեղմտության մասին: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բազմիցս ամենատարբեր առիթներով դատապարտել է ժողովուրդների միջեւ թշնամություն տարածելու նմանատիպ գործողությունները, մասնավորապես ազգային սրբություններ եւ նվիրական հիշատակներ համարվող հուշարձանների պղծումն ու վանդալական ոչնչացումը: Հայ Եկեղեցին, գիտակցելով ազգային սրբությունների բացառիկ արժեքը,  նույն ընկալումով է մոտենում նաեւ բոլոր ժողովուրդների սրբություններին ու նվիրական հիշատակներին: Այս առումով խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը:

Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած եւ աշխարհի ամենատարբեր երկրներում իբրեւ ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում անհայտ բարբարոսները պղծել են հրեա ժողովրդի Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Չարագործները հուշարձանի վրա թողել են հետքեր` կարմիր ներկով նկարած ֆաշիստական սվաստիկա, ինչպես նաեւ գրություն` «Մահ ջհուդներին»: