Թուրքական ամենահայտնի հագուստի բրենդի Sarar-ի սեփականատեր Ջեմեալեթին Սարարի չափից դուրս համեստ ապրելակերպը զարմանք է պատճառում իր շրջապատին։

ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հագուստի շուկաները գրաված թուրք ձեռնարկատերն ապրում է իր ֆաբրիկայի այգում կառուցված տան մեջ, վարում 14 տարվա մեքենա եւ հագնում կտորների ավելցուկներից կարված կոստյումներ։

Թուրքական Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում Սարարը նշել է, թե չնայած նրան, որ ինքը համարվում է Թուրքիայի առաջատար ընկերություններից մեկի սեփականատերը, բոլորովին չի սիրում ճոխ ապրելակերպը։ «Զրոյից սկսելով հաստատուն քայլերով առաջ եմ շարժվել եւ ստեղծել համաշխարհային բրենդ։ Երեկ էլ չեմ սիրել ճոխ կյանքը, հիմա էլ չեմ սիրում։ Մեկ դոլար ծախսելիս 50 անգամ մտածում եմ։ Չեմ սիրում անտեղի ծախսել։ Նոր մեքենա չեմ սիրում։ Նույնիսկ վարորդ չեմ պահում»,-նշել է թուրք գործարարը՝ հավելելով, որ ինքը ժլատ չէ եւ իր հյուրերին ամենաճոխ կերպով է հյուրասիրում։