Միջուկային ծրագրի շուրջ բանակցողներից մեկը՝ Իրանի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին հայտնել է, որ երկիրը պատրաստ է համաշխարհային տերությունների հետ միջուկային բանակցությունների նոր փուլ անցնել եւ կարող է առաջարկների նորացված փաթեթ ներկայացնել։ «Հույս ունենք, որ բանակցությունների նոր փուլի արդյունք կդառնա խաղաղության եւ արդարության ձեռքբերումը»,- հավելել է բանակցողը։
Դրան ի պատասխան ԱՄՆ-ը հույս է հայտնել, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի եւ աշխարհի առաջատար տերությունների միջեւ բանակցությունները կվերականգնվեն։ Սակայն, Թեհրանը Վաշինգտոնին դեռ չի համոզել՝ բանակցություններին վերադառնալու պատրաստակամության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ համաշխարհային 6 տերություններ սեպտեմբերի 2-ին Ֆրանկֆուրտում հանդիպում պետք է ունենան, որպեսզի վերանայեն Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցը։




























