«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկու արձանագրությունների (հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ) լուրջ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սկսվել է Հայաստանին միակողմանի զիջումներ եւ ամբողջական անձնատվություն պարտադրելու անթաքույց գործընթացը»,- այսպիսի գնահատական է տվել Սոցիալ դեմկրատական Հնչակյան կուսակցությունը:

Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«1. Հավասարության, ինքնիշխանության եւ այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիութեան սկզբունքները հարգելու իրենց երկկողմ ու բազմակողմ պարտավորությունների վերաբերեալ կետով, Հայաստանը փաստորեն ընդունում է Արցախը Ատրբեջանի կազմի մեջ թողնելու պարտաւորությունը:

2. Խոսելով երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնման եւ երկխոսության նպատակով պատմական արխիվների ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման մասին, Հայաստան համաձայնում է Ցեղասպանութեան ճանաչման հարցը փակել, բավարարվելով հանձնաժողովային քննարկումներով:

3. Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը, Հայաստանն համաձայնում է ճանաչել հայությանը պարտադրված Կարսի պայմանագիրը»:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ. «Մինչ օրս խոսվում էր առանց նախապայմանների, հայ-թուրքական հարաբերությոնւնների հաստատման մասին, սակայն այս արձանագրությունների ամբողջ բովանդակությունը մեզ հուշում է, որ սահմանի բացման դիմաց շատ թանկ գին պիտի վճարի ողջ հայ ժողովուրդը: Եթէ սահմանի բացման եւ միջպետական հարաբերութիւնների հաստատման գինը պետք է լինի Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելը եւ միջպետական պատմաբանների հանձնախմբի ստեղծման միջոցով Մեծ եղեռնի ուրացումը, ապա այն պետք է դիտարկել որպէս մեծ դավաճանություն մեր անմեղ զոհերի հիշատակի ու համայն հայության նկատմամբ:

Ընդունելով ու վավերացնելով հայ-թրքական ճանապարհային քարտեզը, մեր ժողովրդին պարտադրվում է ոչ միայն հրաժարվել տարածքային պահանջատիրությունից, այլ նաեւ բացառում է ԼՂՀ հետագա մասնակցությունը բանակցային գործընթացին եւ Արցախի ճակատագրի կանխորոշումը` առանց անգամ արցախահայության կամքը նկատի առնելու:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող իրականացվել առանց Սփյուռքի մասնակցության, քանզի այսօրվա Սփյուռքի գոյությունը հիմնականում պայմանաւորված է Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությամբ: ՍԴՀԿ-ի համար մերժելի են ներկայացված փաստաթղթերը ու մենք պատրաստ ենք գործակցելու մեր ազգի բաղկացուցիչ բոլոր տարրերի հետ, տապալելու համար այս համաձայնագրերի վերջնական վավերացումը»: