Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ Նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին։ Ուղերձում նա նշել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը նոր էջ բացեց հայ ժողովրդի հինավուրց պատմության մեջ` հաստատակամորեն կանգնելով ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կերտելու դժվարին եւ պատվավոր ճանապարհին։
Իր ստեղծման առաջին իսկ օրից հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարին խնդիրներ եւ առաջին հերթին ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը։ Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին Արցախը կարողացավ պատվով իրականացնել այդ առաքելությունը` պահպանելով պետական անկախությունը եւ էլ ավելի ամրապնդելով իր անվտանգությունը։ Դա հնարավոր դարձավ հայ ժողովրդի հավաքական ուժի եւ միասնականության շնորհիվ։ Հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերեցին բազմաթիվ հայորդիներ։
Պատերազմից հետո հանրապետության առջեւ ծառացան նոր մարտահրավերներ` այս անգամ արդեն տնտեսական ճակատում։ Համայն հայության ստեղծարար կամքի եւ ապագայի հանդեպ արցախցու լավատեսության ու անսպառ եռանդի շհորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվեց այդ ամենը իրականացնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում։
Այսօր Արցախը կայուն առաջընթաց է ապրում. զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, բարձրանում է բնակչության կենսամակարդակը։ ԼՂՀ-ում գործում է միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխանող ժաղովրդավարական համակարգ։ Արցախը տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն գործոններից մեկն է, իսկ նրա միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է։ Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը` ԼՂՀ Պաշտպանության բանակը, ի զորու է արժանի հակահարված տալ ԼՂՀ անկախության եւ անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ խաղաղ գոյատեւման գաղափարներին։ Միեւնույն ժամանակ, խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին։ Այս բացառիկ արժեքները ենթակա չեն սակարկության».- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր շնորհավորական ուղերձում։




























