Թերթը նշում է, որ հոկտեմբերի 7–ի համարում «Կարեն Կարապետյանի գործոնն Այգեստանի «ռազբորկայում» վերնագրի ներքո անդրադարձել էր շուրջ մեկ ամիս առաջ Այգեստան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքին, որին մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ։ Զինված «ռազբորկան» տեղի էր ունեցել նախկին ոստիկան, ժամանակին Խորհրդային շրջանի եւ ապա նաեւ Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած այգեստանցի Սիմոն Աղազարյանի որդու՝ զինծառայող Աշոտի եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի փոքր որդու՝ Նարեկի միջեւ։ Երկու կողմերի մասնակիցներն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել (Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկը, ծեծկռտուքի ժամանակ ռետինե մահակներից ստացած վնասվածքներով անգամ տարվել էր հիվանդանոց)։ Նշել էինք, թե ինչպիսի պատասխան գործողությունների էր դիմել Կարեն Կարապետյանը. հիշեցնենք՝ վերջինս միաժամանակ ոտքի էր հանել եւ ՀՀ ոստիկանությանը, եւ հանրապետության թաղային հեղինակություններին։
Արդյունքում՝ միջադեպի առնչությամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն: Այս հոդվածով նախատեսված պատիժը 4–7 տարի ժամկետով ազատազրկումն է։ Քրգործը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարույթ, քանի որ Աշոտը զինծառայող է։ Խմբակային խուլիգանության գործով հենց միայն նա է կալանավորվել։
Օրերս թերթին մոտ կանգնած աղբուրները փոխանցեցին, որ այս միջադեպը հարթվել է։ Կողմերին «բարիշացնելու» գործն իր վրա է վերցրել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այգեստան թաղամասում Չոռնի Գագոյի հեղինակավոր խոսքը չեն կարողացել գետնով տալ, ու «ջահելները» ստիպված են եղել կատարել Բեգլարյանի հորդորը։
Խոսակցությունների համաձայն՝ Չոռնին իր վրա է վերցրել նաեւ Ռազմական ոստիկանությունում հարցերը լուծելու, այն է՝ քրեական գործը կարճելու «աշխատանքների իրականացումը»։





























