Այսօր` հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու խորհրդարանի նոր դահլիճի պաշտոնական բացումը, որին մասնակցելու է նաեւ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգումն սկսվել էր դեռ ամռան սկզբից, որը հարկատուների վրա նստել է 480 մլն դրամ (շուրջ 1,32 մլն դոլար): Կառավարությունն իր հունիսի 10-ի նիստում որոշել էր ավելացնել Ազգային Ժողովի նիստերի դահլիճի վերակառուցման համար նախատեսված գումարը (390 մլն դրամ) սկսված աշխատանքն ավարտին հասցնելու համար, տրամադրելով եւս 90 մլն դրամ:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման պատճառով ԱԺ նիստերն անցկացվում էին Կառավարության նիստերի դահլիճում, որի մուտքը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցի կողմից: Վերանորոգումից հետո ԱԺ նիստերի դահլիճը լինելու է օվալաձեւ, իսկ լրագրողների եւ հյուրերի համար դահլիճի վերջնամասում լինելու է երկրորդ հարկ: Լրագրողներին ու պատգամավորներին տարանջատելու է ապակյա պատնեշը:
Բացի արտաքին տեսքից, այլ նորարարություններ նույնպես եղել են: Մասնավորապես, նոր դահլիճում պատգամավորները կքվեարկեն նոր քարտային համակարգով, կլինի քվեարկության նոր էկրան, ինչպես նաեւ հնարավորություն կունենան տեղում ուսումնասիրել օրենսդրական նախաձեռնությունները։ Նոր դահլիճում կապահովվի նաեւ 6 լեզվով համաժամանակյա թարգմանություն ապահովող կոնֆերենս համակարգ։




























