Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, երկու ամբաստանյալների ինքնազգացողությունը վատացել է: Նիստը նախագահող դատավորն հայտնեց, որ այս պահին «Շտապօգնություն» է կանչվել ամբաստանյալներ Նորիկ եւ Վաչե Սահակյանների համար, այս պահին բժիշկները զննում են նրանց առողջական վիճակը:
Նիստն այս պահին ընդմիջվել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին նիստը հետաձգվել էր՝ տուժող ու վկա կուրսանտների բացակայության պատճառով:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























