Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերքել է վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը հայ-վրացական սահմանին տեղի ուենցած փոխհրաձգության մասին: «Տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայ-վրացական սահմանին որեւէ միջադեպ չի եղել»,- նշեցին Հայաստանի ԱԱԾ-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 2-ին վրաց-թուրքական սահմանին հայտնաբերվել են երեք վրացի սահմանապահների դիակներ: Համաձայն «Կավկազ-պրես» գործակալության՝ միջադեպը տեղի է ունցել սահմանի Ախալցխայի հատվածում: Ինչպես հայտնի է դարձել, գործող սահմանապահ ուղեկալի երեք սահմանապահներ հայտնաբերվել են մահացած, իսկ մեկը կորել է:

Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը հաստատել է վրաց-թուրքական սահմանի վրա երեք վրացի սահմանապահների սպանության փաստը: Ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ախալցխայի շրջանում: «Սպանությունը տեղի է ունեցել առաջին գծից ոչ հեռու: Երեք սահմանապահներ հայտնաբերվել են մահացած, իսկ չորրորդը փախել է: Նախնական վարկածով՝ սպանությունը կարող էր հենց նա իրականացնել, սակայն պաշտոնական վարկածով դա դեռ չի հաստատվել: Հայտնի չէ նաեւ սպանության շարժառիթը: Կորած սահմանապահը հետախուզման մեջ է»,- նշեցին վրացական սահմանապահ գերատեսչությունում:

Միաժամանակ, Վրաստանի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին հայտարարել է, թե միջադեպը տեղի է ունեցել հենց հայ-վրացական սահմանին: «Այսօր առավոտյան հայտնաբերվել են երեք սահմանապահների դիակներ հայ-վրացական սահմանի՝ Ադիգենի շրջանի հատվածում: Ներկայումս ավելի տեղեկություններ չկան, ընթանում է հետաքննություն, տեղում են գտնվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ»,- ասել էր Խիզանիշվիլին: