Հաշվի առնելով, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առ այսօր տեսանելի քայլեր չի ձեռնարկել ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի մահվան եւ դին վերադարձնելու գործում, հայ բլոգերները կոչ են արել զանգվածային կարգով նամակներ ուղարկել ԿԽՄԿ գրասենյակին՝ պահանջելով հանգամանալից հետաքննություն անցկացնել Մանվել Սարիբեկյանին ձերբակալելու, գերության մեջ պահելու եւ մահվան գործով:
Տեքստը անգլերենով եւ ռուսերենով, նաեւ էլեկտրոնային հասցեները, որոնցով պետք է ուղարկել նամակները, հասանելի են Մանվել Սարիբեկյանի էջում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:
Հայկական կողմը ուղերձ է հղել ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի Խորհրդին եւ ԵԱՀԿ-ին՝ պահանջելով, որ հայ փորձագետը եւս մասնակցի Մանվել Սարիբեկյանի դիակի փորձաքննությանը:





























