Ամերիկացի գեոֆիզիկոսները պարզել են Քալիֆորնիայի նահանգում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած խոշոր երկրաշարժերի պատճառները: Նրանց խոսքով՝ երկրաշարժերը մարդածին են եղել: Այս մասին ասված է Bulletin of the Seismological Society of America-ում հրապարակված հետազոտության մեջ:
Մարդածին գործոնը եղել է 5 խոշոր երկրաշարժերից 4-ի պատճառը: Գեոֆիզիկոսները նման եզրակացության են եկել՝ հայտնաբերելով, որ Լոս Անջելեսի հովտում նավթի եւ գազի արդյունահանման ակտիվացումը տեղի է ունեցել անմիջականորեն այն շրջանների հարեւանությամբ, որտեղ երկրի մակերեւույթի տատանումներ են գրանցվել:
Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են 1933-ին Լոնգ Բիչ քաղաքից հարավ-արեւելք եւ 6.4 մագնիտուդ ուժգնություն են ունեցել: Դրա հետեւանքով 120 մարդ էր զոհվել:
Գեոֆիզիկոսները նշում են, որ տեխնոգեն երկրաշարժերը Քալիֆորնիայում առաջացել են ստորգետնյա աղբյուրներից նավթի եւ գազի ուղղակի դուրսբերման հետեւանքով:



























