Ֆրանսիայի Կալե քաղաքում սկսվել է հումանիտար կազմակերպությունների ստեղծած ժամանակավոր ճամբարից անչափահաս միգրանտների վերաբնակեցման խոշոր գործողությունը, հայտնում է AFP–ը։

Յոթանասուն ավտոբուս է մոտեցել այն բնակելի կոնտեյներներին, որտեղ մոտ 1․5 հազար ապօրինի միգրանտ է բնակվում։

Անչափահաս միգրանտները, որոնք հիմնականում Էրիթրեայից ու Աֆղանստանից են, վերաբնակեցվելու են Ֆրանսիայի տարբեր շրջաններում գտնվող փախստականների ընդունման կենտրոններում։ Նրանցից շատերի համար փաստաթղթեր են ձեւակերպելու, որպեսզի նրանք տեղափոխվեն Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց ազգականներն են։ Երեք հարյուր դեռահաս արդեն տեղափոխել է Մեծ Բրիտանիա։

Կալեում եւս մեկ գործողություն է ծրագրված՝ այնտեղից պետք է տարհանվեն չորս հարյուր կին ու երեխա։ Անցած շաբաթ Կալեից մոտ 4․5 հազար մարդու են տեղափոխել փախստականների երկարաժամկետ ընդունման համար նախատեսված կետրոններ։ Իսկ բոլոր ինքնաշեն վրանները ապամոնտաժվել են՝ մնացել է միայն երեք վրան՝ մուսուլմանների աղոթքի համար ու մեկ քրիստոնեական աղոթավայր։

Մինչ այդ Կալեում 6-8 հազար միգրանտ էր բնակվում։ Նրանք հույս ունեին այդտեղից Մեծ Բրիտանիա տեղափոխվել Լա Մանշի թունելով  անցնող բեռնատար գնացքների մեջ թաքնված։  Հումանիտար կազմակերպությունների տվյալներով մոտ 2 հազար միգրանտ, չցանկանալով տեղափոխվել այլ կենտրոններ, լքել են ճամբարը, նրանց մեծ մասը տեղափոխվել է Փարիզի արեւմուտքում գտնվող մեկ այլ ապօրինի բնակավայր։