Եվրամիության նախագահությունը ստանձնած Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել է, թե միջազգային ասպարեզում Եվրամիության առջեւ ծառացած նոր մարտահրավերները ստիպելու են Եվրամիության նախագահությունը ստանձնած Շվեդիային` որոշ ժամանակով հետաձգել Արեւելյան գործընկերության ծրագիրը: Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը հենց Շվեդիան է, մյուսը` Լեհաստանը:
2008թ. դեկտեմբերին նրանց նախաձեռնությունը հաստատվել է Եվրամիության կողմից, իսկ ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին: Ծրագիրն ուղղված է հետխորհրդային 6 երկրների` Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացմանը:
Եվրամիության ղեկավարները նշում են, թե իրենց վերջնական նպատակը ծրագրի անդամ պետությունների հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու վիզային հեշտացված ռեժիմ սահմանելն է:
«Խնդիրները, որ Եվրամիության առջեւ ծառացել են, շատ են եւ ամենեւին էլ դյուրին չեն: Եվրոպան այժմ լրջագույն ֆինանսական ճգնաժամի մեջ է, եւ մենք շարունակելու ենք մեր փորձերը` կառավարելու այս ճգնաժամը եւ հաղթահարելու գործազրկությունը, որը գրավել է ողջ Եվրոպան: Մեր նպատակը ֆինանսական ճգնաժամից դուրս գալն է, եւ, իհարկե, մեր սերնդի լրջագույն խնդիրը կլիմայական փոփոխություններն են: Մենք ժամանակ չունենք կորցնելու եւ ամեն ջանք կներդնենք, որ այս հարցի շուրջ արդեն դեկտեմբերին համաձայնության գանք»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը:



























