Հրեականության ոչ ուղղափառ հոսանքների տասնյակ հետեւորդներ հավաքվել են Երուսաղեմի Լացի պատի մոտ՝ պահանջելով հավասար իրավունքներ տալ կանանց եւ տղամարդկանց հրեական գլխավոր սրբավայրի պատի մոտ աղոթելիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լացի պատի մոտ, որտեղ կանոնները թելադրում են ուղղափառ հոսանքի ներկայացուցիչները, կան կանանց եւ տղամարդկանց առանձին աղոթավայրեր, ընդ որում, կանանց արգելված է աղոթքի ժամանակ բարձրաձայն կարդալ Թորայից հատվածներ, ինչպես նաեւ օգտագործել ծիսական «թալիթ» սավանը:

Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերի կադրերում երեւում է, որ կրոնական ազատագրման կողմնակիցները, հետ մղելով ուղղափառների փորձերը, Լացի պատի մոտ սրբազան տեքստեր են կարդում՝ փաթաթված «թալիթներով»:

«Քաղաքացիական անհնազանդության այս աննախադեպ ակտի պատճառը վարչապետ Բենիամին Նեթանյահուի անկարողությունն է կյանքի կոչել Արեւմտյան պատի մասին համաձայնագիրը, որը 2016-ի հունվարին հաստատել էր կառավարությունը»,- ասված է «Պատի կանանց» շարժման հայտարարության մեջ:
Այդ համաձայնագրով նախատեսվում է Լացի պատի մոտ նոր սեկցիա ստեղծել, որտեղ կանայք եւ տղամարդիկ կարող են միասին աղոթել: Դա, ի տարբերություն նախորդի, պետք է լինի հրեականության լիբերալ ուղղությունների եւ «Պատի կանանց» ակտիվիստների հսկողության տակ: