ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը` միաժամանակ լուրջ մտահոգություններ արտահայտելով նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների առնչությամբ:
Հայամետ կոնգրեսականը, մասնավորապես, հիասթափություն է հայտնում, որ «արձանագրությունները կոչ են անում 1915-23 թվականների իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել պատմաբանների հանձնաժողով»:
«Դա լիովին վարկաբեկված գաղափար է. գիտնականների միջեւ չկա բանավեճ այն առնչությամբ, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին, եւ պատմաբանների հանձնաժողովը ճշմարտությունը քողարկելու հերթական փորձն է», — ասված է Շիֆի հայտարարությունում, որը տարածել է կոնգրեսականի գրասենյակը:
«Չպետք է թույլ տալ Թուրքիային՝ սրբագրել իր պատմության այդ ողբերգական մասը` Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների դիմաց», — նշում է կոնգրեսականն ու հավելում. «Ճշմարիտ հաշտեցումը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի 1915-23 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանությունը»:




























