Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հովանավորում է իրական հանցագործներին, իսկ անմեղ մարդիկ հայտնվում են մեղադրյալի աթոռին:

«Արմենոս» ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանի դեմ հարուցված քր.գործն ու այդի գործի դատաքննությունն ապշեցնում է իր անհեթեթությամբ ու լպիրշությամբ: Վերջինս, որ մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել, այժմ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ ըթացող դատաքննության ընթացքում հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Իսկ ամեն ինչ սկսվել է անցած տարվա ամռանը, երբ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը վայելող գործարար Յուրա (Վարշամ) Ղարիբյանը ընդհարվեց իր եղբոր՝ Մանվել Ղարիբյանի հետ: 2008թ. հունիսի 20-ին Վարշամ Ղարիբյանն իր թիկնազորին ուղարկում է եղբորը պատկանող ավտոհավաքակայաններից մեկը՝ աշխատակիցներին ծեծի ենթարկելու համար: Մանվել Ղարիբյանին պատկանող «Արմենոս» ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանն ու աշխատակիցները, հավաքակայանը հսկող ոստիկան Մնացական Հարությունյանը ապարդյուն փորձում են հանդարտեցնել Վարշամ Ղարիբյանի թիկնազորին, եւ սկսված քաշքշուկի արդյունքում Վարշամ Ղարիբյանի թիկնապահներից մեկը ռեվոլվեր մակնիշի գազային ատրճանակից կրակում է Կարեն Պողոսյանի վրա: Ավելին, Վարշամ Ղարիբյանի թիկնազորը քաշքշուկի ըթնացքում գողանում է Կարեն Պողոսյանի օրինական գազային ատրճանակը, եւ երբ Կարեն Պողոսյանը խնդրում է ետ վերադարձնել զենքը, թիկնապահներից մեկը ընդհուպ կրակում է տնօրենի դեմքին՝ նրան դեմքի հատվածում լուրջ վնասվածքներ հասցնելով: Թիկնազորը գողացված ատրճանակը հանձնում է ոստիկանությանը, որտեղ էլ քր.գործ են հարուցում Կարեն Պողոսյանի դեմ՝ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ): Ընդ որում, դեպքի վայրում հայտնաբերվել են միայն Ղարիբյանի թիկնազորի արձակած կրակոցների փամփուշտների պարկուճները:

Գործը գործ, բայց դատաքննությունը չի տեղավորվում ողջամիտ մարդու ուղեղում: Նախաքննական մարմինը դատակոչել է բացառապես մեղադրական ցուցմունքներ տվող վկաներին՝ Վարշամ Ղարիբյանի թիկնազորին, իսկ դեպքի անմիջական ականատեսներին՝ ոստիկանության աշխատակցին ու ընկերության աշխատողներին, որոնք նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել, որ Կարեն Պողոսյանը որեւէ կրակոց չի արձակել, չեն դատակոչել վկայություն տալու: Ավելին, անգամ "տուժող են գտել, որը դատարանում հայտարարել էր, թե քաշքշուկի ընթացքում «թեթեւակի վնասվել է իր թուշը»:

«Պաշտպանական կողմին զրկել են ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, արդեն 10-րդ նիստն է: Դեպքի անմիջական ականատեսներին չեն դատակոչում, ասում են՝ պաշտպանվեք, բայց առանց ապացույցների»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պողոսյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Վերջինս այսօրվա նիստի հենց սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վարդան Աբրահամյանին: Դատավորը համառորեն հրաժավում է կատարել օրենքի պահանջը եւ ձայնագրել նիստի ընթացքը: Իսկ պատճառը, ըստ փաստաբանի, այն է, որ դատավորը չձայնագրվող նիստի ընթացքում պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում պաշտպանական կողմի հասցեին: ըստ փաստաբանի, անգամ դեպք է եղել, որ զանգահարել են իր պաշտպանյալին եւ սպառնացել, թե դիմումը հետ չվերցնելու դեպքում խնդիրներ կունենա: Դատավորը մերժեց թե այս, թե պաշտպանական կողմի մյուս երկու միջնորդությունները՝ դեպքի անմիջական ականատեսներին դատակոչելու եւ թիկնազորի ցուցմունքները անթույլատրելի ճանաչելու մասին: Դատավոր Վարդան Աբրահամյանը հրաժարվեց կատարել նաեւ փաստաբան Հայկ Ալումյանի օրինական պահանջ եւ մատնանշել օրենքի այն կետը, որով մերժում է միջնորդությունները: Փաստաբանն էլ ստիպված արձանագրեց, որ իր մասնակցությունն այս դատական ֆարսին անմիաստ է եւ դատաքննության ըթնացքում արդեն 2-րդ անգամ լքեց նիստերի դահլիճը: «Դա ձեր իրավունքն է»,- արձագանքեց դատավորը եւ նիստը հետաձգեց մինչու սեպտեմբերի 7-ը, ժամը 12-ը:

Ի դեպ, NEWS.am-ի հարցին, թե որն է Կարեն Պողոսյանի դեմ հարուցված քր.գործի եւ նման դատաքննության պատճառը, փաստաբանը պատասխանեց. «Ինձ բազմիցս հասկացնել են տվել, որ այս գործով մյուս կողմին հովանավորում է գլխավոր դատախազը: Բառացի էլ են հասկացրել, ակնարկել են»:

Դատական նիստին ներկա էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով դատական նիստի ընթացքը, նշեց. «Սա այն դատավարությունը չէր, որ պետք է իրականացնել Հայաստանում: Խախտված է կողմերի հավասարության սկզբունքը, եւ հստակ երեւում է,որ դատարանը անկողմնակալության եւ անաչառության սկզբունքը եւս խախտել է եւ, ըստ էության, լծվել է ապօրինության գործին»:

Արտակ Եղիազարյան

Նկարում՝ հանիրավի մեղադրվող Կարեն Պողոսյան