Իսպանիայում հազարավոր ընտանիքներ այս հանգստյան օրերին բոյկոտելու են դպրոցում իրենց երեխաներին հանձնարարված տնային առաջադրանքները, հայտնում է BBC–ն։

Իսպանական ծնողական հանձնաժողովների ալյանսը, որը միավորում է 12 հազար դպրոցների հանձնաժողովներ, կոչ է արել ընտանիքներին բոյկոտել չափից շատ տնային առաջադրանքները։ Ալյանսը ծնողներին կոչ է անում նոյեմբերի բոլոր հանգստյան օրերին բոյկոտել տնային առաջադրանքները՝ դրա փոխարեն ավելի շատ ժամանակ անցկացնելով երեխաների հետ։

  Կազմակերպությունը կարծում է, որ Իսպանիայում կրթական համակարգը հնացել է, իսկ դպրոցներում սերտել են սովորեցնում, այլ ոչ թե տեղեկությունը վերլուծել ու անհրաժեշտը երկրորդականից տարբերել։ Ընդ որում կազմակերպությունը համարում է, որ իսպանական դպրոցներում անտեսում են նաեւ երեխաների հանգստի իրավունքը։

Ըստ կրթության մակարդակի վարկանիշի՝ Իսպանիայում երեխաները տնային առաջադրանքների վրա չափից շատ ժամանակ են ծախսում ՝ 64 երկրների ցանկում Իսպանիան 11-րդն է զբաղեցնում։ Իսպանացի դպրոցականները շաբաթական միջինը 6․5 ժամ են ծախսում տնային առաջադրանքների վրա, ինչը կես ժամով շատ է միջին ցուցանիշից։ Միաժամանակ իսպանացի դպրոցականները թույլ արդյունքներ են գրանցում մաթեմատիկայից, ընթերցանությունից ու բնական գիտություններից։