Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ռումինացի Տրայան Ունգուրիանուին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող), բուլղարացի Անդրեյ Կովաչեւին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Հայաստանի հարցերով համազեկուցող) եւ Ֆրանկ Էնգելին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս):

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Կողմերը կարեւորել են խորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնումը նոր խթան կլինի այդ գործակցության համար:

Կարինե Ղազինյանը ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի առանձնահատկությունները: Զրույցի ընթացքում կարեւորվել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային այլ խնդիրների: