2009-2010 ուսումնական տարում Երեւանի պետական համալսարանը նախատեսված 2466 ուսանողի փոխարեն ընդունել է 2948-ը։ Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նա 500 ավել ուսանողների ընդունումը բացատրում է նրանով, որ մյուս տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունեալու, ուստի բուհերում դիմորդները քիչ են լինելու, եւ որպեսզի համեմատաբար մեղմվի համալսարանի մյուս տարվա կրելիք ֆինանսական դժվարությունները, նրանք այս տարի ընդունել են որքան հնարավոր է շատ ուսանող։
Հարցին, մյուս տարի քիչ ուսանողներ ունենալը արդյո՞ք կդրդի համալսարանի ղեկավարությանը բարձրացնել վարձավճարները, Սիմոնյանն ասաց.
«Խոստում տալ չեմ կարող, բայց մենք վճռական ենք, որ մյուս տարի վարձավճարները չբարձրանան»։
Նշենք, որ այդ ավելացրած 500 տեղերը չեն վերաբերվել իրավաբանության, արեւելագիտության եւ տնտեսագիտության ֆակուլտետներին, որտեղ հիմնականում սովորում են օլիգարխների երեխաները։ Սիմոնյանն ասում է, որ հատուկ են այդպես արել՝ պայմանավորվածության կասկածների տեղիք չտալու համար։
Հատկանշական է նաեւ այն փաստը, որ այս տարի՝ վերջին 5 տարվա համեմատությամբ, իրավաբանության ֆակուլտետ ամենաքիչ ուսանողներն են ընդունվել։
Այս տարի նվազել է բնական գիտություների ֆակուլտետներ ընդունվող ուսանողների քանակը։ Քիմիայի եւ էկոլոգիայի ֆակուլտետներում նույնիսկ չեն լրացվել անվճար տեղերը։
Սիմոնյանը կարծում է, որ այս հարցով անհրաժեշտ է պետական հատուկ ծրագիր եւ ուշադրություն։
Համեմատաբար քիչ են նաեւ ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետներ ընդունվող ուսանողների քանակը, նույնը նաեւ կենսաբանության ֆակուլտետում է։ Ուսանողների պակաս է զգացվում ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերենի եւ գերմաներենի բաժիններում։ Ռեկտորի խոսքով, բուհի գլխավոր խնդիրներից է մնում նաեւ շրջանավարտներին համապատասխան աշխատանքով ապահովելու եւ դասախոսների աշխատավարձերի բարձրացման հարցը։



















