Brent տեսակի էտալոնային նավթի համաշխարհային գները նորից վերադարձել են բարելի դիմաց 40-50 դոլար միջակայքին։ Հիշեցնենք, որ ՕՊԵԿ երկրների՝ Ալժիրում բարձրաձայնված մտադրությունները ՝ սահմանափակել նավթի ամենօրյա արդյունահանման ծավալը, կատալիզատոր հանդիսացան բորսայում սպեկուլյատիվ գների աճի համար։ Մասնավորապես Brent –ի գինը գերազանցեց բարելի դիմաց 50 դոլարը։
Սակայն հիմնական նավթարդյունահանող երկրների՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ տարաձայնությունները շուտով ներդրողների մոտ կասկածներ առաջացրեցին այդ մտադրությունների իրականացման հանդեպ։ Առավել եւս, որ Իրաքը, որը նավթի արտահանման ծավալով աշխարհի երկրների առաջին տասնյակում է, մտադիր չէ կրճատել դրա արդյունահանումը։
Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ բացի տնտեսականից, դրա վրա նաեւ արտաքին քաղաքական գործոններ են անդրադառնում։ Նկատենք, որ նավթի արդյունահանման ինքնարժեքը «մրցակիցներ» Իրանի ու Սաուդյան Արաբիայի մոտ ամենացածրն է աշխարհում։ Չնայած հենց հում նավթի էժանացումն է խնդիրներ առաջացրել այդ երկրների համար, իրավիճակը նրանց համար կրիտիկական չէ։ Այլ բան է Վենեսուելան, որը աշխարհի ամենախոշոր հետազոտված պաշարներն ունի։
Նավթի արտահանումից ստացվող եկամուտների կրճատման պատճառով այդ երկրի տնտեսությունը հիմա խորը ճգնաժամի մեջ է։ Պատահական չէ, որ հենց Վենեսուելան է դարձել նավթի ամենօրյա արդյունահանման կրճատման միջոցով դրա «գների կարգավորման» նախաձեռնողներից մեկը։ Բայց ՕՊԵԿ երկրների ու կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք այլ նավթարդյունահանող երկրների վերջին «տեխնիկական հանդիպումը» նորից ցույց տվեց, որ նրանց շարքերում տարակարծություն կա։
Այդ երկրները ոչ հասարակ երկընտրանքի առաջ են կանգնած։ Առաջին որոշումը՝ շահել նավթի գների աճից՝ կրճատելով դրա արդյունահանումը։ Երկրորդը՝ ավելացնել արդյունահանումը, ու գոնե մասամբ փոխհատուցել դրա արտահանումից ստացված եկամուտների անկումը։ Սակայն համաշխարհային նավթի պահանջարկը քիչ թե շատ կայուն մեծություն է ու նավթի արդյունահանումը անվերջ ավելացնել հնարավոր չէ։ Առաջին տարբերակը նույնպես կասկածելի է վերոնշյալ տարաձայնությունների պատճառով։
Աշխարհում հում նավթի ամենախոշոր սպառողը՝ ԱՄՆ-ն, նաեւ վերին տեղերն է զբաղեցնում դրա արդյունահանման ծավալով, իսկ վերջերս սկսել է թերթաքարային նավթ արտահանել։ Բորսան զգայուն է արձագանքում ԱՄՆ մի շարք տնտեսական ցուցիչների ու այլ ցուցանիշների։ Օրինակ ԱՄՆ-ում հում նավթի առեւտրային պաշարների (որը սովորաբար գերազանցում է 0․5 մլրդ բարելը) մասին ամենշաբաթյա տեղեկությունների հրապարակմանը։
Նավթի զգալի մասը ծախսվում է ավտոմոբիլային վառելիքի վրա։ ԱՄՆ-ն անվիճելի առաջատար է աշխարհում մարդատար մեքենաների քանակով՝ ավելի քան 250 մլն։ Երկրորդ տեղում, մեծ տարբերությամբ, Չինաստանն է ՝ մոտ 110 մլն մեքենա։ Իհարկե ներքին այրման շարժիչով մեքենաների հրաշալի այլընտրանք կա ՝ էլեկտրամոբիլը։
Որոշ մասնագետների կարծիքով զանգվածային անցումն էլեկտրամոբիլներին կարող է երկար տասնամյակներ տեւել։ Ստացվում է, որ տեսանելի հեռանկարում ավտոմոբիլային վառելիքի (հետեւաբար նաեւ նավթի) պահանջարկը չի նվազի, հակառակը՝ կաճի։ Սակայն պատմության մեջ քիչ չեն սխալ «կանխատեսումները»։ Մեքենաշինության արշալույսին տարածված տեսակետ կար, որ դա ընդամենը նորաձեւություն է, իսկ ձիերը միշտ կլինեն։ Աշխարհում դասական տեսակի առաջին ավտոմեքենայի ստեղծումից տասնհինգ տարի հետո սկսվեց դրա զանգվածային արտադրությունը։ Եվ դա այն ժամանակվա տեխնոլոգիաների պայմաններում։
Շատ երկրներում ակնհայտ ձգտում կա ազատվել ներքին այրման շարժիչներով էկոլոգիապես վնասակար մեքենաներից։ Դրա հետ մեկտեղ ՝ նաեւ նավթի ներմուծումից ունեցած կախումից։ Այս ոլորտում առաջխաղացումներ կան ոչ միայն զարգացած երկրներում։ Օրինակ Վրաստանի մայրաքաղաքում տեղակայվելու են էլեկտրամոբիլների լիցքավորման ավճար կայաններ։ Ճիշտ է, այդ մեքենաների պարկն ինքնին հարեւան երկրում զուտ խորհրդանշական է, ընդամենը հիսուն։ Բայց կարեւորն այն է, որ գոնե առաջին քայլերն են ձեռնարկվում։

Սմբատ Գրիգորյան




























