2017-ից Հայաստանը ակնկալում է 53․6 մլրդ դրամ ստանալ ԵՏՄ մաքսային հավաքներից։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 7-ին շարունակվել են ԱԺ-ում։
2017 թվականի բյուջետային մուտքերը մաքսատուրքի գծով գնահատվել են 53.6 մլրդ դրամ:
Մաքսատուրքի գծով 2017թ. մուտքերը գնահատելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2016 թվականից պետական բյուջե մուտքագրվող մաքսատուրքերի գերակշիռ մասը ձևավորվում է ԵՏՄ անդամ պետությունների համար նախապես սահմանված մաքսատուրքերի վերաբաշխումների դրույքաչափերին համապատասխան՝ մասնավորապես ԵՏՄ պայմանագրով սահմանված դրույքաչափերն են։
2017 թվականի ՀՀ պետական բյուջեի մաքսատուրքերի գծով կանխատեսումներն իրականացնելիս դիտարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2016 և 2017 թվականների համար ԵՏՄ անդամ երկրների ներմուծման գծով կանխատեսվող ցուցանիշները, որոնք ճշգրտվել են մաքսատուրքերի վերաբաշխումների դրույքաչափերին համապատասխան, ինչի արդյունքում ԵՏՄ անդամ երկրների համար ճշգրտված ներմուծման աճը կազմել է 3.93%, որն էլ կիրառվել է 2016 թվականի համար մաքսատուրքերի սպասողական 51.6 մլրդ. դրամ մեծության վրա:




























