2015-2040 թվականների ընթացքում աշխարհում նավթի պահանջարկը 17.6%-ով կաճի՝ հասնելով օրական 109.4 մլն բարելի: Ընդ որում, աճի մեծ մասը կփոխհատուցեն ՕՊԵԿ-ի անդամ երկրները, որոնց մասնաբաժինը նավթի մատակարարումներում կաճի՝ 34%-ից հասնելով 37%-ի: Նման սցենար է ներկայացված ՕՊԵԿ-ի World Oil Outlook (WOO) 2016 ամենամյա հաշվետվությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ մինչեւ 2021 թվականն աշխարհում նավթի պահանջարկը կկազմի օրական 99.2 մլն բարել՝ 2015 թվականի 93 մլն-ի փոխարեն, ինչը 1 մլն բարելով ավելի է նախորդ տարվա կանխատեսումից: Ցուցանիշի բարելավումը կապված է միջնաժամկետ հեռանկարում նավթի ցածր գնի կանխատեսման հետ, ինչն ավելի մեծ ազդեցություն կունենա, քան ցածր միջնաժամկետ տնտեսական աճի ակնկալիքներն ու էներգաարդյունավետության քաղաքականության ընդլայնումը:

Մինչեւ 2021 թվականը հեղուկ ածխաջրածինների մատակարարումները կաճեն՝ հասնելով օրական 99.4 մլն բարելի՝ 2015-ի 95.1 մլն-ի փոխարեն: ՕՊԵԿ-ի վերլուծաբանները մինչեւ 2021 թվականը կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների կողմից հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աստիճանական աճ են ակնկալում. այն կկազմի օրական 58.6 մլն բարել՝ 2015 թվականի 56.9 մլն-ի փոխարեն: 2027 թվականին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներում արդյունահանումը կկազմի օրական 61.4 մլն բարել, իսկ հետագայում կկրճատվի՝ 2040 թվականին հասնելով օրական 58.9 մլն բարելի:

ՕՊԵԿ-ում չներառված երկրների նավթի արդյունահանումն էլ կաճի՝ 2021 թվականին հասնելով օրական 42.9 մլն բարելի, 2015 թվականի 42.5 մլն-ի փոխարեն, իսկ մինչեւ 2025 թվականն այս ցուցանիշը կկազմի օրական 44.2 մլն բարել: Դրանից հետո, մինչեւ 2040 թվականը, այն կկազմի օրական մինչեւ 39.6 մլն բարել:

Դա նշանակում է, որ ՕՊԵԿ-ը պետք է բավարարի նավթի լրացուցիչ երկարաժամկետ պահանջարկի մեծ մասը: Նավթի տեսանկյունից ակնկալվում է, որ ՕՊԵԿ-ը ստիպված կլինի 2015 ե 2040 թվականների ընթացքում օրական լրացուցիչ 8.9 մլն բարել մատակարարել... Հեղուկ ածխաջրածինների համաշխարհային մատակարարումներում նավթի առումով ՕՊԵԿ-ի մասնաբաժինը կաճի՝ 2040 թվականին կազմելով օրական շուրջ 37%»,- ասված է WOO-ում:

ՕՊԵԿ-ի կողմից նավթի մատակարարումները, կազմակերպության փորձագետների կարծիքով, 2018 թվականին կհասնեն օրական 33.4 մլն բարելի՝ 2015-ի 32 մլն-ի փոխարեն: 2019-2025 թվականներին այդ ցուցանիշը կկազմի օրական 33.6-33.9 մլն բարել, ինչից հետո կսկսի կանոնավոր կերպով աճել՝ կանխատեսվող ժամանակաշրջանի ավարտին հասնելով 41 մլն բարելի: