Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներ էդվարդ Նալբանդյանն ու Պաոլո Ջենտիլիոնին գոհ են երկկողմ հարաբերությունների զարգացումից:
Նոյեմբերի 8-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նրանք ամփոփել են իտալացի նախարարի այցի արդյունքները: Հիշեցնենք, որ Ջենտիլիոնին Երեւան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում:
Նալբանդյանի խոսքով՝ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները դարերի խորքից են գալիս, եւ դրանք լավ հիմք են միջպետական կապերի խորացման համար: Այցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերը: Նրանք անդրադարձել են պայմանագրային-իրավական դաշտի ընդլայնմանը, որը ներկայումս 3 տասնյակ փաստաթղթեր ունի: Համատեղ հայտարարություն է արվել նաեւ Երեւանում պատմական մշակութային ժառանգության պահպանության կենտրոն հիմնելու մասին:
Նալբանդյանը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում համագործակցության մակարդակից՝ հիշեցնելով, որ հայ խաղաղապահները իտալացի մասնագետների հետ մասնացկում են Լիբանանում գործողություններին: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ բանակցությունները եւ համագործակցության նոր իրավական հիմքի ստեղծումը:
Իտալիայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, թեպետ հայ գործընկերոջ հետ բազմիցս հանդիպել է: Նախարարն անդրադարձել է տնտեսական համագործակցության խորացմանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հավելյալ հետաքրքրություն է ներկայացնում: «Մենք շահագրգռված ենք նոր տնտեսական հարաբերություններ կառուցելու հարցում»,- ասել է նախարարը:




























