«Լինելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հայտարարությունն ու արձանագրությունները վաղաժամ էին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մեկնաբանելով հայ-թուրքական վերջին զարգացումները: Նրա համոզմամբ, այդ հայտարարությունն ընդունվել է ԱՄՆ ուղղակի ճնշման արդյունքում, որպեսզի չխաթարվի Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելությունը:

«Կարծում եմ նաեւ, որ թեեւ փաստաթղթի մեջ չկա Ղարաբաղի նախապայմանը, բայց թուրքերը այդ նախապայմանն անպայման դնելու են եւ այդ նախապայմանների պարագայում ահռելի ճնշում է առաջ գալու ԼՂ խնդրի հետ կապված, որն էլ ուղղակիորեն սպառնալու է մեր անվտանգությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ խոսքը նրա մասին է, որ Թուրքիան հայտարարում է, թե սահմանը կբացի միայն այն դեպքում, երբ որեւէ առաջխաղացում կլինի ԼՂ կարգավորման հարցում:

«Այս նախապայմանը աննախադեպ ճնշում է առաջացնում հիմնականում միջնորդ երկրների կողմից, որպեսզի ԼՂ խնդրի հետ կապված առաջխաղացում արձանագրվի, իսկ դա այսօրվա դրությամբ նշանակում է որոշակի փուլային տարբերակ, որն ըստ էության սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից»,- ընդգծեց նա ու հավելեց. «Կարծում եմ, որ Թուրքիան կձգձգի սահմանի բացումն այնքան ժամանակ, մինչեւ Ղարաբաղի խնդրի շուրջ որոշակի միջանկյալ փաստաթղթեր ստորագրվեն, որոնք կբերեն փուլային տարբերակի»:

Ե. Բոզոյանը նաեւ ընդգծեց. «Ոչ ոք չի թաքցնում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է ցատկահարթակ հանդիսանա ԼՂ խնդրի կարգավորման արագացման համար»: