Հայաստանի ԱԺ-ն կաջակցի Հայաստանի եւ Քուվեյթի խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ ալ Էնեզի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առավել զարգացնելու եւ խորացնելու համար:

Փոխշահավետ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները:

Գալուստ Սահակյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցելու երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Մեր երկրում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ ալ Էնեզին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր աշխատանքով կնպաստի արդեն ձեւավորված երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:

Դեսպանն ուրախությամբ նշել է, որ Քուվեյթի Պետությունում գտնվող հայ համայնքը մեծ դեր է ունեցել իրենց պետության զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: