Ֆրանսիայի Ազգային ժողովը նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձեւի նախագիծը նախօրեին ուղարկել է Ելիսեյան եւ Մատինիոնյան պալատներ (նախագահի եւ վարչապետ նստավայրեր): Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն: Փաստաթուղթն ուղարկել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Կլոդ Բարտոլոնը:

Նրա հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանություններին է ուղարկվում «բանաձեւի նախագծի պատճենը, որը ներկայացրել է «Հանրապետականներ» կուսակցությունից պատգամավոր Քրիստիան Ժակոբը եւ ստացել պալատի 79 պատգամավորի աջակցությունը»:

Սահմանադրության 68-րդ հոդվածի դրույթներին համապատասխան օրենքներով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից բանաձեւի դիտարկման գործընթաց սկսելու համար բավարար է ընդամենը 58 ձայն:

AFP-ի փոխանցմամբ՝ «Ազգային ժողովի հանրապետական խմբակցությունը, որը 193 պատգամավոր ունի, պարզաբանել է, որ բանաձեւը ստորագրել է 152 մարդ, եւ որ այս փուլում փոխանցել են միայն առաջին՝ ստորագրություններով նախնական ցանկը»: