15 տարի շարունակ արտերկրում թաքնվող կաշառակերը Չինաստան է վերադարձել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի Կոմկուսի կարգապահական ստուգումների կենտրոնական հանձնաժողովը:

Յան Յունմինը նախկինում ղեկավարել է Ցզիլին նահանգի դեղագործական ընկերությունների մեկը, սակայն դրամական միջոցների հափշտակման մեղադրանքներից հետո փախել է երկրից: 2001 թվականից նա թաքնվել է Ավստրալիայում, այնուհետեւ՝ Նոր Զելանդիայում: Երկու երկրների հանագործակցության շնորհիվ հաջողվել է տղամարդուն Չինաստան վերադարձնել:

Հոկտեմբերի վերջին հանձնաժողովը հայտարարել էր, որ մայիսից մեկնարկած «Աղվեսների որս 2016» արշավի շրջանակում հաջողվել է ավելի քան 630 փախստական կաշառակերի ձերբակալել, որոնք թաքնվում էին 67 երկրներում:

Սինխուա գործակալության հաղորդմամբ՝ անցյալ տարվա հունվարից դեկտեմբեր իրականացված «Աղվեսների որս 2015» արշավի շրջանակում էլ հաջողվել է Չինաստան վերադարձնել փախուստի մեջ գտնվող 857 կաշառակերի: