Բեյրութում առանձնակի դաժանությամբ սպանություններ կատարած սիրիահայ եղբայրներ են ձերբակալվել:
Tayyar.org-ի փոխանցմամբ, Ջորջ եւ Միշել Դանիելյանները Միջին Արեւելքի ամենավտանգավոր 10 մարդասպանների շարքում են դասվել: Նրանք սիրիահայ եղբայրներ են, որոնք երկար ժամանակ է, ապրում են Լիբանանում ու սարսափի մեջ են պահում Բեյրութի բնակչությանը:
Իրենք իրենց զոհերին ընտրում եւ նրանց սպանում են առանձնակի դաժանությամբ ու սառնասրտությամբ: 2011-ի ապրիլից մինչեւ 2016-ի նոյեմբեր Բեյրութի մեջ տեղի է ունեցել 11 սպանություն, որին մասնակից են եղել սիրիահայ եղբայրները: Սպանվածների մեծ մասը տաքսիների վարորդներ են, ինչպես նաեւ մեկ կին ու լիբանանյան բանակի մեկ սպա:
Նշվում է, որ սպանության բոլոր դեպքերը մեկը մյուսին նման են եղել. մթության մեջ 7,5 մմ տրամաչափի ատրճանակով կրակոց մարդու գլխին, դիակը նետել են ճանապարհին, մեքենան հրկիզել: Իսկ հանցագործությունը կազմակերպել են այնպես, որ թվա գողություն են կատարել:
Աղբյուրը ներկայացնում է, որ Բեյրութի ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացրել, դիմել հատուկ գործողությունների, որպեսզի կարողանա բռնել հանցագործներին, բացահայտել նրանց հանցավոր արարքը: Այդ իսկ պատճառով ոստիկանության ծառայողները կերպարանափոխվել են որպես տաքսու վարորդներ, սակայն ապարդյուն:
Ըստ աղբյուրի, նոյեմբերի 11 լույս 12-ի գիշերը Դանիելյան եղբայրների ոճրագործ արարքների ավարտն է եղել, եւ երբ ազգային անվտանգության ուժերի հետախուզական բաժինը կարողացել է ձերբակալել նրանց:
Հարցաքննության ժամանակ Ջորջը խոստովանել է, իր զոհերի թիվը, որոնք եղել են 10-ը:
Իսկ երբ նրանից հետաքրքրվել են, թե արդյոք յուրաքանչյուր սպանությունից հետո ցա՞վ է ապրել կատարվածի համար, նա պատասխանել է . «Շատ քիչ ցավ, այնուհետեւ մեկ բաժակ վիսկի ու քնել: Ես խենթ չեմ»:
Ի տարբերություն եղբոր համարձակ պահվածքին ու խոստովանության, Միշելը հերքել է իր մասնակցությունը սպանություններին: Նշենք, որ ըստ լիբանանյան դատարանի աղբյուրների, Դանիելյան եղբայրները անցյալում Սիրիայի ընդդիմադիր «Ազատ բանակի» մաս են կազմել:




























