Սիրիայի քրդերը Թուրքիայի Ռազմաօդային ուժերին մեղադրել են Հալեպից արեւմուտք (Դամասկոսից 360 կմ հեռավորությամբ) գտնվող Աֆրինի շրջանի իրենց սահմանպահ դիրքերին հրթիռային հարվածներ հասցնելու համար: Firat լրատվական գործակալությունը հայտնել է, որ օդային արշավի ընթացքում 5 մարդ զոհվել է եւ 50-ից ավելի մարդ վիրավորվել:

Գործակալության տեղեկություններով՝  Թուրքիայի ինքնաթիռները գրոհել են Ազավիա բնակավայրի վրա, որտեղ է գտնվում ինքնապաշտպանության քրդական ուժերի հսկիչ անցակետը: Թռիչքին հաջորդել է ուժգին պայթյուն աշխարհազորայինների բազայի շրջանում:

Թուրքիան աջակցում է ընդդիմության զինված խմբավորումներին, որոնք հարձակվում են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջանների վրա: Նրանք փորձում են փակել Աֆրինում քրդական ինքնավար մարզը Հալեպի հյուսիսում գտնվող Շեյխ-Մաքսուդ արվարձանին կապող մայրուղին, որտեղ տեղացի աշխարհազորայինները պաշտպանությունն իրականացնում են կառավարական զորքերի հետ: