Աֆղանստանում սեպտեմբերի 2-ին առավոտյան ժամը 9-ի կողմերում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում սպանվել են անվտանգության գծով ազգային տնօրինության պետի տեղակալ Աբդուլլա Լագմանին եւ Աֆղանստանի խորհրդարանի 3 պատգամավոր։
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է վերջերս բացված Մահթերլամ քաղաքի մզկիթում, երբ այնտեղ տեղական մարմինների ղեկավարության խորհրդակցություն էր անցկացվում։
Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը՝ հայտնելով այն մասին, թե ահաբեկչության նպատակը աֆղանական հատուկ ծառայությունում «համար 2»-ի ոչնչացումն էր։
Պայթյունի հետեւանքով մահացել են առնվազն 9 մարդ եւ շուրջ 100-ը վնասվածքներ են ստացել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով, քաղաքի թաղամասների մեծ մասը ներկայումս շրջափակված է Աֆղանստանի ոստիկանության եւ զինվորական ստորաբաժանումների կողմից։




























