Հայաստանում ՆԱՏՕ–ի շաբաթվա շրջանակներում կկայանա տեղեկատվական ռալլի. միջոցառումներ Երեւանում, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։ Այս մասին նոյեմբերի 14-ին՝ Երեւանում ՆԱՏՕ–ի շաբաթվա շրջանակում, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Դեսպանի խոսքով՝ կարեւոր է չսահմանափակվել միայն մայրաքաղաքով եւ աշխատել նաեւ մարզերում։ «Ինչու՞ է կարեւոր ՆԱՏՕ–ի շաբաթը։ Որպեսզի եւս մեկ անգամ քննարկենք կարեւոր հարցերը, օրինակ, ԶՈւ–ում կանանց դերը, կիբերանվտանգությունը եւ ՆԱՏՕ–ի գործունեության մասին հասարակության իրազեկումը։ Այդ բոլոր քննարկումները չպետք է սահմանափակվեն միայն փորձագետներով»,– նշեց Քիսլերը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–ի շաբաթը լավ հնարավորություն է Հայաստանի եւ ՆԱՏՕ–ի համագործակցության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ «Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է իր ավանդը ներդնել այդ գործում։ Մենք նաեւ աշխատում ենք Հայաստան–ՆԱՏՕ վստահության ֆոնդ ստեղծելու ուղղությամբ։ Դա շատ կարեւոր նախագիծ է, քանի որ կօգնի Հայաստանին կատարել իր պարտավորությունները»,–եզրափակեց դեսպանը։




























