Եվրամիությունը չպետք է Թուրքիայի իշխանություններին անկյունում սեղմի, երկրում իրադարձությունների նկատմամբ արձագանքը չպետք է չափազանցված լինի, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Թուրքիան շարունակում է մտահոգության տեղիք տալ։ Մեզ համար շատ կարեւոր է նրան անկյունում սեղմելուց, չափազանցված արձագանքից խուսափելը, քանի որ դա իմ կարծիքով հակասում է մեր հավաքական շահերին։ Պետք է հիշել, որ նրանք բարդ վիճակում են հեղաշրջման փորձից հետո»,– ասել է Ջոնսոնը ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։
Թուրքիայի թեման նիստի օրակարգում առաջին կետը կլինի։ Նախարարները կքննարկեն երկրում վերջին իրադարձությունները, որոնք ԵՄ–ում մտահոգություն են առաջացրել, դրանց թվում՝ մահապատժի վերականգնման քննարկումները, խոսքի ազատության սահմանափակումներն ու պատգամավորների ձերբակալությունները։




























