ՆԱՏՕ–Հայաստան գործընկերությունը ամուր է եղել եւ կշարունակի այդպիսին մնալ, քանի որ այն հիմնված է Հայաստանի ազգային շահերի հիման վրա եւ իր ավանդն է ներդնում հանրապետության անվտանգության գործում։ Այս մասին նոյեմբերի 14-ին՝ Երեւանում ՆԱՏՕ–ի շաբաթվա մեկնարկին, ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի գրասենյակի ղեկավար դեսպան Ուիլյամ Լահյուն։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–ն աշխատում է գործընկեր երկրների հետ այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ մտահոգություն են առաջ բերում։ «Մեր հարաբերությունները գործընկերների հետ հիմնված են կամավոր համագործակցության վրա։ Բազմաթիվ ծրագրերից բացի, մենք Հայաստանի հետ նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ենք փոխանակում, ինչպիսին օրինակ, Սիրիայում տիրող իրավիճակի մասին տեղեկություններն են։ Անկասկած, մենք քննարկել ենք նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Եվ ՆԱՏՕ–ն, իհարկե, հասկանում է Հայաստանի վրա նման հակամարտությունների ազդեցությունը։ ՆԱՏՕ–ն ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ակտիվ մասնակից չէ, սակայն մենք փորձում ենք քաղաքական տեսանկյունից աջակցել այն ինստիտուտները, որոնք աշխատում են հանուն տարածաշրջանում խաղաղության»,– հավելեց Լահյուն։




























